Մոսկվայում ութերորդ դասարանի աշակերտը մահացել է ֆուտբոլ խաղալիս։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին Մոսկվայի արեւմտյան հատվածի մանկական հրապարակներից մեկում։

Իրավապահների տվյալներով՝ №1017 դպրոցի ութերորդ դասարանի աշակերտի մարմինը հայտնաբերվել է Մուխինայի փողոցի թիվ  7 շենքի դիմաց։ Ականատեսների խոսքով՝ երեխան ֆուտբոլ խաղալիս վատ է զգացել եւ նախքան շտապօգնության հասնելը մահացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Երեխայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ, մահվան պատճառներն ու հանգամանքները ճշտվում են։

Հիշեցնենք, օրերս ֆիզկուլտուրայի դասի ժամանակ վազքի ընթացքում Մոսկվայում մահացել էր ութերորդ դասարանի աշակերտը։ Ողբերգությունը տեղի էր ունեցել №1376 դպրոցում։ Վազքից հետո դեռահասը վատ էր զգացել, նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, որտեղ մի քանի ժամ անց մահացել էր։