Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոմնակիցները մտադիր են նրա ծննդյան 60-ամյա հոբելյանը նշել մեծ շուքով` երթերով, ցուցապաստառներով, հեռուստամարաթոնով: Պուտինն ինքը չի պատրաստվում այցելել հրապարակային միջոցառումներին, տարեդարձը նշելու է մտերիմների շրջապատում:
«Եդինայա Ռոսիայի» երիտասարդական գվարդիան հոկտեմբերի 7-ին հրապարակային ակցիաներ է նախատեսում: Ռոստովում Պուտինի շնորհավորանքը կկախվի Եվրոպան Ասիայի հետ միավորող կամրջի վրա` խորհրդանշելով Եվրասիական միությունը: Չելյաբինսկում կազմակեպիչները փողոցում հսկայական բացիկ կտեղադրեն, որի վրա ցանկացողները կարող են մաղթանքներ գրել, հայտնում է «Վեդոմոստին»:
Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում հոկտեմբերի 8-ին տոնական համերգ կանցկացվի: Պուտինի ծննդյան օրը կբացվի նաեւ նկարիչ Ալեքսեյ Սերգիենկոյի ցուցահանդեսը:
Ընդդիմությունը եւս Պուտինի ծննդյան տոնն անուշադրության չի մատնի. նախագահի նստավայրից ոչ հեռու ֆլեշ մոբ կանցկացվի` «Պապիկին ճանապարհենք թոշակի» անվանումով: Վադիմ Կորովինը նշել է, որ ակցիայի մասնակիցները նախագահին թոշակառուին անհրաժեշտ նվերներ կբերեն` ակնոցի պատյան, հողաթափեր եւ բոստանի համար ցնցուղներ:





























