Հայաստանի Ազգային ժողովում հոկտեմբերի 2-ին շարունակվում է Վարդան Օսկանյանի հարցով Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության քննարկումը:
Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ գործընկերներին կոչ էր արել չմասնակցել Վարդան Օսկանյանի հարցով Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության քվեարկությանը: ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները արձագանքել են խնդրանքին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հոկտեմբերի 1-ին խորհրդարանը սկսել է գլխավոր դատախազի ներկայացրած`«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդության քննարկումը: «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ խմբակցությունը կբոյկոտի այդ հարցի քվեարկությունը եւ ԱԺ նիստերը, ՀՅԴ ներկայացուցիչները հայտնել էին, որ դեմ են քվեարկելու: Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել էր, որ ՀՀԿ-ն մտադիր է կրկին քննարկել այդ հարցի շուրջ դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է:
«Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից:





























