Ղարաբաղյան կողմը պատրաստ է «Ստեփանակերտ» օդանավակայանի շահագործմանը խոչընդոտելու Ադրբեջանի փորձերին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԼՂՀ-ի կառավարությանը կից Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավար Դմիտրի Ադբաշյանը` մեկնաբանելով ադրբեջանական մամուլի հրապարակումներն այն մասին, որ «Ադրբեջանը կարող է շարքից հանել օդանավակայանի տեխնիկական աջակցությունը»:
«Դա հնարավոր է: Եւ բոլորին հայտնի են նման հնարավորությունները: Սակայն մենք հաշվի ենք առել նման հավանականությունը եւ պատրաստ ենք դրան», - ընդգծել է Դմիտրի Ադբաշյանը:
ՔԱԳՎ-ի ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ նման գործողությունները դասվում են քաղաքացիական ավիացիայի գործունեությանը ապօրինի ակտիվ միջամտելու կատեգորիային: «Ադրբեջանում դա հիանալի գիտակցում են` լինելով ICAO-ի անդամ եւ Կոնվենցիա ստորագրելով», - հիշեցրել է Ադբաշյանը:
Պատասխանելով ադրբեջանական կողմից Ստեփանակերտ թռչող ինքնաթիռները խփելու հավանականության եւ դրանց կանխարգելման միջոցների ձեռնարկման վերաբերյալ հարցին` ՔԱԳՎ-ի ղեկավարը նկատել է, որ խոսքը քաղաքացիական օդանավերի մասին է: «Քաղաքացիական օդանավերը չեն պատրաստվում թաքնվել, նրանց վրա կլինեն ճանաչման բոլոր միջոցները»: Ինչ վերաբերում է չվերթներն սկսելու հստակ ամսաթվին, ապա այն հայտնի կդառնա կազմակերպչական որոշ հարցեր լուծելուց հետո:




























