Իր քաղաքական գործունեության ամենամեծ սխալը Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեվարդնաձեն համարում է Միխայիլ Սահակաշվիլիին ցուցաբերած աջակցությունը: Նա կարծում է, որ վարդերի հեղափոխությունից հետո երկիրը պետք է կառավարեր Զուրբ Ժվանյան:

«Ճիշտ կլիներ, որ 2003 թ-ի «վարդերի հեղափոխությունից» հետո նախագահ դառնար Ժվանիան, այլ ոչ Սահակաշվիլին»,-Շեվարդնաձեի խոսքերը մեջբերում է ՎԶԳԼՅԱԴ-ը: «Երբ Սահակաշվիլին իր ձեռքն էր վերցրել իշխանությունը, պարզ  դարձավ, որ նա չի արդարացնում ժողովրդի սպասելիքները: Ժվանիան մեծ հնարավորություն ուներ առաջադրվելու: Այդ պատճառով էլ նրան սպանել են»,-ասել է նա:

Շեվարդնաձեն ասել է, որ 1990-ական թվականներին Սահակաշվիլին Վրաստանի խորհրդարանում արդարադատության կոմիտեի ղեկավարի պաշտոնում լավ է աշխատել, ինչը նրան օգնել է քաղաքական կարիերայի ընթացքում:

Խորհրդարանական ընտրությունների նախօրեին, Շեվարդնաձեն կոչ էր արել միջազգային հանրությանը օգնել այդ հարցում: «Օգնեք ազատ եւ ժողովրդավար ընտրություններ անցկացնել»,- ասել է նա` ներկայիս իշխանություններին անվանելով «մարդատյացներ»: Շեվարդնաձեի խոսքով, «բանտային սկանդալի ծագումից առաջացած ապակայունացումը ձեռք է տալիս իշխանություններին, որոնց նպատակն է փչացնել ընրությունները, հուսով եմ դա նրանց չի հաջողվի»:

Միեւնույն ժամանակ նախկին նախագահը կանխատեսել էր, որ ընտրություններում կհաղթի ընդդիմությունը. «Վստահ եմ, որ իշխանության է գալու Իվանիշվիլին»,-ասել է Էդուարդ Շեվարդնաձեն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընրություններ: Նախնական տվյալներով ընտրություններում հաղթել է «Վրացական  երազանք»-ը: