Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտնել է վիզայի «Diversity Visa - 2014» վիճակախաղի սկզբի մասին: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 2-ին Երեւանում լրագրողներին հայտնել է Հայաստանում ԱՄՆ-ի հյուպատոս Ջորջ Լիննը:
Հայտերի ընդունման ժամկետը 2012թ. հոկտեմբերի 2-ից մինչեւ նոյեմբերի 3-ն է: Հայտերը պետք է լրացվեն միայն էլեկտրոնային եղանակով. թղթային տարբերակներ չեն ընդունվի: Ցանկացողները կարող են օգտվել www.dvlottery.state.gov կայքում տեղադրված ձեւամուշից: «Ցանկացողներին խորհուրդ ենք տալիս հայտերը ներկայացնել նախքան վերջին շաբաթը, երբ կայքը գերծանրաբեռնված է լինում: Ցանկանում ենք կրկնել, որ նշված ժամկետից հետո հայտերը չեն ընդունվի», – հավելել է Լիննը: Նա նաեւ խորհուրդ է տվել ձեւը լրացնելու համար չդիմել վճարովի խորհրդատվության: «Խորհուրդ ենք տալիս հայտերը ինքնուրույն լրացնել. դրա համար կայքում կան օրինակներ, այդ թվում` հայերենով: Կողմնակի անձինք ձեր դիմումում կարող են սխալներ թույլ տալ, որոնք հետո խոչընդոտում են վիզա ստանալուն. նման դեպքեր հաճախ են պատահում», – հավելել է Լիննը:
Դիվանագետը նաեւ հավակնորդներին զգուշացրել է, որպեսզի չարձագանքեն վիճակախաղում հաղթելու մասին հայտնող եւ ծառայության դիմաց գումար պահանջող էլեկտրոնային նամակներին:
«ԱՄՆ-ի դեսպանատունը էլեկտրոնային ծանուcումներ չի ուղարկում: Դիմումը ներկայացնելիս ձեզ գրանցման համար է տրվում: Դրա օգնությամբ կարող եք տեղեկանալ ձեր դիմումի ընթացքի մասին», – հավելել է Լիննը: Հաղթողները վիզա ստանալու համար պետք է հարցազրույց անցնեն: «Նրանք այն կարող են ստանալ միայն ծրագրի պահանջներին համապատասխանելու դեպքում, այդ թվում`կրթական: Ուշադրություն է դարձվում նաեւ աշխատանքային փորձին», – հստակեցրել է հյուպատոսը: Վիզայի հարցը բարդանում է, եթե դիմողը նախկինում ԱՄՆ մեկնելու հետ կապված խնդիրներ է ունեցել:
Վիճակախաղն անցկացվում է ամբողջ աշխարհում` աշխարհագրական 6 տարածաշրջաններում: Նախապատվությունը տրվում է արտագաղթի ցածր ցուցանիշ ունեցող երկրներին: Խաղարկություն չի անցկացվում այն երկրներում, որտեղ բնակչության դեպի ԱՄՆ արտագաղթի ծավալը վերջին հինգ տարում գերազանցում է 50 հազարը:
2013թ. վիճակախաղում, որը վերջերս ավարտվեց, Հայաստանում շահել էր 1200 մարդ, 2012թ.` 998:





























