«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները, ինչպես խոստացել էին, խմբակցության վերջին անդամի ելույթից հետո, ցուցադրաբար լքել են Հայաստանի Ազգային Ժողովի  նիստերի դահլիճը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները չեն մասնակցի խորհրդարանի քառօրյայի աշխատանքներին:

Հոկտեմբերի 1-ին խորհրդարանը սկսել եւ հոկտեմբերի 2-ին շարունակում է գլխավոր դատախազի ներկայացրած` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդության քննարկումը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար  Նաիրա Զուրաբյանը հայտնել է, որ խմբակցությունը կբոյկոտի քվեարկությունը եւ ԱԺ-ի նիստը: ՀՅԴ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ միջնորդությանը դեմ են քվեարկելու: ՀՀԿ-ի քարտուղար Գալուստ Սահակյանը հայտնել է, որ կուսակցությունը նպատակ ունի կրկին քննարկել այս հարցը:

ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված  «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է:

«Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից: