Խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցությունը կբոյկոտի Վարդան Օսկանյանի հարցով քվեարկությունը: Այս մասին  Հայաստանի Ազագային Ժողովի հարթակից հայտնել է խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում շարունակվում է գլխավոր դատախազի ներկայացրած` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ միջնորդության քննարկումը:

Զարմանք հայտնելով այն կապակցությամբ, թե ում մտքով է անցել խորհրդարանի օրակարգի մեջ ընդգրկել միջնորդությունը` Հակոմբյանը նշել է, որ նրա գնահատականով, խորհրդարանի մեծամասնության այն հայտարարությունները, ըստ որի կողմ քվեարկելով միջնորդությանը` խորհրդարանը Վարդան Օսկանյանին հնարավարություն է ընձեռում արդարացնել ինքն իրեն, համահավասար է քաղաքական ֆոլկլորի: Հակոբյանը նաեւ նշել է, որ խորհրդարանական մեծամասնությունը խորհրդարանի վարկանիշի մասին մտածելու փոխարեն, որն առանց այդ էլ բարձր չէ, ավելի շատ նպաստում է նրա վարկանիշի անկմանը: «Մի՞թե Օսկանյանը այն ձկան գլուխն է, որի մասին խոսում էր նախագահը, ով խորհրդանշո՞ւմ է կոռուպցիան եւ նրա դեմ պայքարը պետք է նշել նրանից: Մի՞թե Օսկանյանը այն պատճառն է, որի հետեւանքով ժողովուրդը փախեփախ է լինում, իսկ երիտասարդության վաղվա օրը դեգերում է անորոշության մեջ»:

Հակոբյանի կարծիքով, եթե ընդունենք նույնիսկ, որ գլխավոր դատախազի բերած փաստերը հիպոթետիկ ճիշտ է, ապա որքան տեղին էր նախագահական ընտրությունների նախաշեմին այս հարցը բարձրացնելը: «Գլխավոր դատախազի կողմից միջորդության առաջադրումից մի որոշ ժամանակ անց ադրբեջանական լրատվամիջոցներում  հայտնվում էին տարաբնույթ հոդվածներ, որոնցում ասվում էր, որ 10 տարի շարունակ Հայաստանի ԱԳՆ-ն ղեկավարել է մեկը, ով ներգրավված է ֆինանսական խարդախությունների մեջ»,-նշել է Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ընդդիմության ներկայացուցիչների հայտարարություններին, որ նախադեպը սկսվլ է 2008թ.-ից, ապա Հակոբյանը հիշեցրել է, որ դեռեւս 1996 թ-ի սեպտեմբերի 26-ին, պագամավորներ Վազգեն Մանուկյանի, Շավարշ Քոչարյանի, Պարույր Հայրիկյանի, Դավիթ Վարդանյանի նկատմամբ, մինչեւ պատգամավորական մանդատների զրկումն են կոպիտ ուժ կիրառել եւ մեղադրվել են ամենածանր հոդվածներով: «Օսկանյանի դեպքում նույն լոգիկան է գործում, պարզապես խորհրդարանը առավել քաղաքակիրթ է դարձել եւ նրան պատգամավորական լիազորություններից զրկում է առանց ուժի կիրառության: Մեկնաբանելով խորհրդարանական «ԲՀ» խմբակցության խնդրանքը` աջակցել իրենց եւ չմասնակցել քվեարկությանը` Հակոբյանը նշել է, որ նման բան ստիպված չէին լինի անել, եթե 2008 թ-ի մարտին «ԲՀ»-ը չքվեարկեր ընդդիմադիր 4 պատգամավորների պատգամավորական մանդատներից զրկելու օգտին:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված  «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է:

«Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից: