ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին կալանավորելու, մանդատից զրկելու կամ տեղաշարժման ազատությունը սահմանափակելու հարց դրված չէ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 2-ին, ՀՀ ԱԺ-ում Վարդան Օսկանյանի գործի քննարկման ընթացքում  իր եզրափակիչ խոսքում նշել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Կասկածյալի նկատմամբ որեւէ խափանման միջոց կիրառելը օրենքով պարտադրված չէ: Նա նաեւ հավաստիացրել է, որ տեղյակ է նախաքննական մարմնի ծրագրերին, եւ Օսկանյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվի:

«Պատգամավորները հետաքրքրվեցին, թե որն է գործի իմաստը, եթե փողերը տեղում են, բողոքներ չկան, ում շահերն է պաշտպանում նախաքննական մարմինը», - նշել է Ա. Հովսեփյանը եւ կրկնել. «Հայաստանի գլխավոր դատախազությունը պաշտպանում է «Սիվիլիթաս» հիմնադրամի շահերը եւ Հանթսման ընտանիքի բարի համբավը»: Նա ընդգծել է, որ պատահական չէր օրերս Օսկանյանի անձնական հաշվի գումարը փոխանցվել  «Սիվիլիթաս» հիմնադրամին: Այստեղից, ըստ նրա, եզրակացություն, որ  նախաքննական մարմինը կանխել է հանցավոր հետագա գործողությունները:

«Մենք չենք ասում, թե ինչու ես ծախսել կամ չես ծախսել փողերը, մենք միայն պնդում ենք, որ քո հայեցողությամբ ծախսած փողերից 181 հազար դոլարը դու յուրացրել ես», - նկատել է Ա. Հովսեփյանը:

Գլխավոր դատախազը նաեւ նշել է, որ խորհրդարան միջնորդություն ներկայացնելը քաղաքական երանգ չի կրում: «Գործը նախաքննության  փուլում է գտնվում, իսկ միջնորդության նպատակը ազատ եւ անկողմնակալ քննությունն է», - ավելացրել է Ա. Հովսեփյանը, նշելով, որ քննության շնորհիվ հիմնադրամին հասցված 870 հազար դոլարի վնասը վերականգնվել է: