Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է, որ երկրի նոր կառավարությունը կձեւավորվի ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայից:
Սահակաշվիլին հայտնել է, որ նպատակ ունի նպաստել նոր խորհրադարանական մեծամասնությանը` խորհրդարանի ղեկավարի ընտրության, վարչապետի նշանակման եւ նոր կառավարության ձեւավորման հարցում: Այս մասին Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է ժողովրդին ուղղված հատուկ ուղերձի ժամանակ, փոխանցում է «Գրուզիա Online»-ը:
«Ես հարգում եմ վրացի ժողովրդի ընտրությունը, որը, թեեւ ընտրել է հայացքներով ինձ համար անընդունելի քաղաքական այս ուժին, ես, որպես երկրի նախագահ, ամեն հարցով կաջակցեմ նրանց », -ընդգծել է նա, ով դեռեւս երկու օր առաջ իր մրցակիցներին ներքին թշնամի էր անվանել, որը ձգտում է վերացնել ազատությունները եւ ժողովրդավարությունը:
Ընդդիմության հաղթանակը արդեն ճանաչել է ԱՄՆ-ի դեսպանը, ով մինչեւ վերջին պահը ակտիվորեն աջակցում էր Միխայիլ Սահակաշվիլիին: Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Նորլանդին եւ սենատորներ Ջին Շաֆինին եւ Ջեյմս Ռիշին: «Վրացական երազանքի» տեղեկատվության համաձայն` հյուրերը շնորհավորել են կոալիցիայի առաջնորդին` ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
Թբիլիսիից հասնող վերջին տվյալների համաձայն` «Վրացական երազանք» կոալիցիան կստանա խորհրդարանի տեղերի մեծամասնությունը:





























