Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի հայաբնակ տարածաշրջանում` Սամցխե-Ջավախեթիայում ( Ջավախք) կարելի է քաղաքացիական աշխուժացման հույս ունենալ: NEWS.am-ի թղթակցին նման տեսակետ է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրենի տեղակալ, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը`մեկնաբանելով Վրաստանի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Ըստ Մինասյանի`  Ջավախքում քվեարկության արդյունքների պատկերը, որտեղ հաղթել է ընդդիմություն դարձող Սահակաշվիլիի կուսակցությունը, պայմանավորված է նրանով, որ հայկական կուսակցություններին եւ շարժումներին նրա իշխանության օրոք չի թույլատրվել մուտք գործել իրական քաղաքականություն: Այստեղից էլ տեղի բնակչության անտարբերությունը համահանրապետական նշանակության դեպքերի նկատմամբ: «Բացի դրանից,  այլ շրջանների համեմատությամբ, այն կառավարության կողմից ավանդաբար ավելի ուժեղ է վերահսկվում»,- ընդգծել է փորձագետը:

«Վաղ է խոսել այն մասին, թե ինչ ուղղղություն կորդեգրի Իվանիշվիլին վրացահայերի հանդեպ: Կարելի է սպասել որոշ աշխուժացում, հաշվի առնելով, որ նա մի քանի անգամ հանդիպել է հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Սակայն դրանից հեռու գնացող եզրահանգումներ անելը վաղ է», – ավելացրել է Սերգեյ Մինասյանը:

Հիշեցնենք, ոչ ներկայումս Վրաստանում իշխանափոխության գործընթաց է տեղի ունենում: Մեկ ժամ առաջ նախագահ Սահակաշվիլին ընդունել էր իր «Միասնական ազգային շարժում» կուսակցության պարտությունը եւ հայտարարել ընդդիմություն դառնալու մասին:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի