ՀՀ ԱԺ-ն բավարարել է հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, քվեարկությանը մասնակցել են 71 պատգամավորներ, կողմ են քվեարկել 64-ը, դեմ`6-ը: Մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Հիշեցնենք, որ ՀՅԴ, «Ժառանգություն» եւ Հայ ազգային կոնգրես խմբակցություններն ընդհանրապես հրաժարվել էին քվեարկությանը մասնակցելուց: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, որի անդամ է Վարդան Օսկանյանը, ցուցադրաբար լքել էր դահլիճը` մինչ այդ պահանջելով գլխավոր դատախազի հրաժարականը:
Նախքան քվեարկությունն սկսվելն իր եզրափակիչ ճառում Աղվան Հովսեփյանը վստահեցրել է, որ միջնորդությունը քաղաքական երանգավորում չունի, այն ուղղված է ազատ եւ անկողմնակալ քննության վարելուն, ինչպես նաեւ նշել է, որ Վ. Օսկանյանի նկատմամբ խափանման ոչ մի միջոց չի կիրառվի:
ԱԱԾ քննչական վարչությունը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու հատկանիշներով (փողերի լվացում) քրեական գործ է հարուցել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին համապատասխան: Գործի շրջանակում քննությունը դիտարկում է այն փաստերը, համաձայն որոնց Հայաստանում հիմնադրված «Հանթսման Բիլդինգ Փրոդաքս» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, որը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված «Պոլիմեր մաթերիալս» եւ «Հանթսման Ինթերնեյշընըլ» ձեռնարկություններին, վաճառվել են 2մլն դոլարով, բայց հարկերից խուսափելու նպատակով գործարքը չի ներկայացվել հարկային մարմին, իսկ ամերիկյան կողմի բարեգործական նպատակներով գործածելու համար տրամադրած մեկ մլն դոլարը անձնական կարիքների համար է ծախսվել: Քննության տվյալներով, դրանից բացի, «Սիվիլիթաս» հիմնադրամը, խախտելով իր իսկ կանոնադրությունը եւ գործող օրենսդրության պահանջները, չի ներկայացրել 2011թ. հաշվետվությունը: Հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ դա քաղաքական պատվեր է:
«Սիվիլիթաս» հիմնադրամը հիմնադրվել է 2008թ. ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից: 2012թ. մայիսի 6-ի ընտրություններից առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն մտնելուց հետո Օսկանյանը հրաժարվել էր Հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնից:




























