Պետարդների եւ հրավառության նյութերի ներկրումը եւ մանրածախ վաճառքը պետք է կանոնակարգի պետությունը: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 2-ին, մամուլի ասուլիսի ընթացքում նշել է Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով`միությանը քիչ չեն դիմում հրավառւթյունների որակից դժգոհ քաղաքացիներ:
«Եթե հրավառությունը ձեռքում չի պայթում, դա դեռ վերջը չէ: Որակյալ համարվելու համար այն չպետք է պարունակի թունավոր նյութեր: Այդ ամենը պետք է ստուգեն համապատասխան մարմինները` ԱԻՆ-ը եւ էկոնոմիկայի նախարարությունը: Դժբախտաբար, մաքսայինում լիցենզավորվող ապրանքների ցուցակը այժմ շատ քիչ է: Դա բացատրում են, որ լիցենզավորումը տեղափոխվել է մանրածախ առեւտրի գոտի: Սակայն այնտեղ ապրանքին հետեւելն ավելի դժվար է: Մենք բազմիցս բարձրացրել ենք այդ հարցը, բայց ապարդյուն», – ասել է Պողոսյանը: Նա հիշեցրել է, որ ԱԻՆ-ին կից ստեղծվել է այդ հարցերի քննարկման աշխատանքային խումբ, սակայն նրա աշխատանքը դեռեւս արդյունքներ չի տվել:
Եւս մեկ հարց` բնակիչների անդորրի խափանումը: Այդ պատճառով կանոնակարգման է ենթակա նաեւ այն, թե պետարդի որ տեսակն է կարելի եւ որտեղ: «Բնականաբար, բենգալյան կրակները պետք չէ արգելել: Սակայն պոտենցիալ վտանգավոր հրավառության տեսակները պետք է երեխաներին հասանելի չլինեն: Որոշները չի կարելի թույլատրել բակերում կամ բնակելի տների մոտ: Իսկ արտասահմանում որոշ տեսակների համար նույնիսկ արգելված գոտիներ են սահմանված`բնակելի ցանկացած շինությունից 1 կմ հեռու: Եւ չի կարելի մոռանալ ժամանակային սահմանափակումները, բացառությամբ ամանորյա տոների: Այդ ամենին հետեւելը եւս պետության խնդիրն է», – եզրակացրել է Պողոսյանը:





























