Վրաստանի ԿԸՀ-ն նոր տվյալներ է հրապարակել հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններից, որոնք հերթական անգամ հաստատել են Բիձինա Իվանիշվիլիի ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի հաղթանակը:
35,16% արձանագրությունների հաշվարկից հետո (1312 ընտրատեղամասերի) «Վրացական երազանքն» ստացել է ընտրողների ձայների 53,15%-ը: Նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հավաքել է 41,6%: Մյուս ուժերը խորհրդարան չեն անցնում:
Մինչդեռ, «Վրացական երազանքի» հարյուրավոր համակիրներ բողոքի ակցիա են անցկացնում ԿԸՀ-ի շենքի առաջ` մեղադրելով ընտրությունների արդյունքների հրապարակումը գիտակցաբար ձգձգելու եւ արդյունքները կեղծելու փորձերի մեջ:
Այս պահին ընդդիմադիր «9-րդ ալիքը» ուղիղ եթերով հեռարձակում է Բիձինա Իվանիշվիլիի մամուլի ասուլիսը:





























