2012 թ-ի առաջին կես տարվա ընթացքում աշխարհում 110 լրագրող է մահացել: Այս մասին ասվում է ՄԱԿ-ին կից ոչ կառավարական խորհրդակցական կազմակերպության` Press Emblem Campaign (PEC) –ի հայտարարության մեջ:

Այս ցուցանիշը 36 տոկոսով բարձր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: ՀԿ-ները տխուր ռեկորդը կապում են աշխարհի ներքին հակամարտությունների հետ:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, առաջին տեղը զբաղեցնում է Սիրիան, որտեղ տարվա սկզբից զոհվել է 32 լրագրող: Այնուհետեւ գալիս են Սոմալին (16) եւ Մեքսիկան (10): Լրագրողների համար ամենավտանգավոր երկրների ցուցակի չորորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցնում են Պակիստանը եւ Բրազիլիան, որտեղ 2012 թ-ին սպանվել են մեդիայի յոթական  աշխատակիցներ: Նրանց հետեւում են Հոնդուրասը, Ֆիլիպինները (5), Իրաքը, Նիգերիան, Էրիտրեյան (3-ական), Աֆղանստանը, Բոլիվիան, Հնդակաստանը (2-ական): Մեկական լրագրողներ սպանվել են Բանգլադեշում, Նեպալում, Պանամայում, Տանզանիայում, Թայլանդում, Ուգանդայում, Էկվադորում:

PEC կազմակերպությունը ստեղծվել է 2004 թ-ին տարբեր երկրների մի շարք լրագրողների կողմից, որի գրասենյակը գտնվում է Ժնեւում: