Թուրքական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը անվստահության քվե է ներկայացրել ԱԳՆ-ի ղեկավար Ահմեդ Դավութօղլուին` նրան մեղադրելով վտանգավոր եւ ռիսկային արտաքին քաղաքականություն վարելու եւ փաստերը թուրք հասարակայնությունից քողարկելու մեջ:
Փաստաթղթում նշվում է, որ կուսակցության անդամները եւ պատգամավորները չեն կարողացել թափանցել սիրիական փախստականների Հաթայ նահանգի ճամբար` չնայած եղած թույլտվությանը, հայտնում է «Today’s Zaman» թերթը` վկայակոչելով Anadolu գործակալությանը:
Փաստաթղթում նաեւ նշվում է, որ ենթադրությունն այն մասին, թե ճամբարը ծառայում է որպես Սիրիական ազատ բանակի գրասենյակ, ճիշտ է եղել:
Անվստահության քվեի եւս մեկ պատճառ է Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը: Փաստաթղթում ընդգծվում է, որ Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները խնդիրներ են առաջացրել Ադրբեջանի հետ եւ այդպես էլ ուժի մեջ չեն մտել:
Ընդդիմությունը կարծում է, որ վտանգավոր արտաքին քաղաքականությունը, Մերձավոր Արեւելքի վրա ազդեցության ուղիների որոնումը եւ ԵՄ-ից հեռացումը հանգեցրել են նրան, որ Թուրքիայի ազգային անվտանգությունը սպառնալիքի տակ է հայտնվել:





























