Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիան դեռեւս չի քննարկել երկրի նախարարների նոր կաբինետի հարցը: Այս մասին հաղթանակած կուսակցության առաջնորդը հայտնել է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

«Ես դեռեւս չեմ կարող հայտնել Վրաստանի  նախարարների նոր գրասենյակի կազմը: Այս հարցը մենք պետք է քննարկենք մեր թիմում»,-ասել է Իվանիշվիլին: Կոալիցիայի առաջնորդը ավելացրել է, որ դեռեւս պատրաստ չէ պատասխանել այդ հարցին, չնայած նա արդեն ունի իր պատկերացումները, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:

«Մենք լսել ենք մի քանի ժամ առաջ Սահակաշվիլիի կատարած  հայտարարությունը...Մենք պետք է քննարկենք այս հարցը մեր թիմի հետ եւ միայն  հետո կհայտնենք ձեզ ամեն ինչ»,-ասել է Իվանիշվիլին: Ընդ որում, նա նշել է, որ «մտադիր չէ հանդիպել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի  հետ` նոր կառավարության ձեւավորման հարցերը քննարկելու համար»:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդունել է իր կուսակցության` «Միասնական ազգային շարժման» անհաջողությունը խորհրդարանական ընտրություններում եւ  կառավարություն ձեւավորելու «Վրացական երազանքի» իրավունքը: