Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանի քրեական հետապնդման հետ կապված ոչ մի հայտարարություն չի արել: Այդ մասին ասված է կազմակերպության կայքում տեղադրված հատուկ հաղորդագրությունում:
«Ռուսաստանի հայերի միության անունից տարածված կեղծ հայտարարության կապակցությամբ, որը վերաբերում է Վարդան Մինասի Օսկանյանի քրեական հետապնդմանը, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ «Օսկանյանի գործով» ՌՀՄ-ն ոչ մի հայտարարություն չի արել եւ չի տարածել», - ասվում է հաղորդագրությունում:
ՌՀՄ-ն կեղծ հաղորդագրությունն ստացած լրատվական բոլոր գործակալություններին խնդրում է հերքում տալ, եւ հայտնում է կազմակերպության ճիշտ էլեկտրոնային հասցեն`[email protected]:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության անունից ստացված, այդ թվում նաեւ NEWS.am-ի հասցեին ուղարկված հայտարարության մեջ, ասվում էր, որ նախընտրական շրջանում քաղաքական հայտնի գործչի նկատմամբ քրեական գործի հարուցումը կասկածի տեղիք է տալիս դրա քաղաքական բնույթի վերաբերյալ: Նրանում կոչ էր պարունակվում նաեւ Վարդան Օսկանյանի բարի համբավը պաշտպանելու նպատակով ստորագրահավաք կազմակերպելու մասին:
Ինչպես հայտնել է NEWS.am-ը, Հայաստանի խորհրդարանը հոկտեմբերի 2-ին բավարարել է գլխավոր դատախազի` Վարդան Օսկանյանին փողերի լվացման գործով իբրեւ մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը:





























