Մոսկվայում սպանված հայազգի գործարար Սերգեյ Բեգլարյանի տանը, ում Toyota Land Cruiser ավտոմեքենան տառացիորեն ցանց էին սարքել փամփուշտներով, ոստիկանները մի ամբողջ զինապահեստ են գտել` Մակարով, Ստեչկին ատրճանակներ, մարտական նռնակ եւ զգալի քանակությամբ զինամթերք:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Մոսկվայի հյուսիսում այս գիշեր սպանվել է հայ գործարար Սերգեյ Բեգլարյանը: Իրավապահ մարմինների աղբյուրը հաղորդել է, որ անհայտ անձինք Կալաշնիկով ինքնաձիգից հրաձգության են ենթարկել Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան. մեկ մարդ զոհվել է: Ըստ աղբյուրի` դեպքը տեղի է ունեցել մոսկովյան ժամանակով ժամը 01:00-ի սահմաններում: Ոստիկանները դեպքի վայրում երկու տասնյակից ավելի փամփուշտներ են գտել: Բժիշկների ժամանման պահին տղամարդն արդեն մահացած էր:
Վիրավոր Սերգեյ Բեգլարյանը փորձել է փախչել ավազակներից, սակայն նրա ամենագնացը բախվել է հայրենական արտադրության մարդատարի եւ չի կարողացել առաջ գնալ: Մարդասպանները եւս մի քանի րոպե են մեքենան ողողել արճիճով, հետո հեռացել են: Նախնական տեղեկությամբ` մարդասպանները երկու հոգի են եղել, ենթադրվում է` կովկասցիներ:





























