Պատմության մեջ առաջին անգամ Վրաստանում իշխանափոխությունը ընտրությունների միջոցով տեղի ունեցավ, այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց վրացի փորձագետ Գիյա Նոդիյան`մեկնաբանելով խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակը:
Հարցը, թե ինչպես կփոխվի երկրում իրավիճակը եւ արտաքին քաղաքականությունը, փորձագետը բարդ համարեց. «Իվանիշվիլիի ծրագիրը կենտրոնացած է սոցիալական հարցերի վրա: Թե որքան հաջող կիրականացվեն խոստումները, դժվար է ասել»,-նշեց Նոդիյան` հիշեցնելով, որ կոալիցիան կազմված է տարբեր կուսակցություններից:Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանը, Նոդիյան ասաց, որ այստեղ եւս հստակություն չկա, հատկապես, որ կուսակցության առաջնորդը բավականչափ հստակ չի արտահայտվում: Մտադրություն կա բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ` միաժամանակ պահպանելով դեպի ՆԱՏՕ ձգտումը:Պատասխանելով հարցին, թե արդյոք ազգային փոքրամասնություններով կոմպակտ բնակեցված տարածաշրջաններում Սակաշվիլիի կուսակցության հաղթանակը վարչական ճնշման արդյունք չէ, փորձագետն ասաց, որ այդպես չի կարծում:
«Կարծում եմ, ավանդական ազգային փոքրամասնությունները պաշտպանում էին իշխանություններին: Երկրորդը` Սահակաշվիլին աչքի էր ընկնում նրանով, որ ընդգծում էր` Վրաստանը բոլորի երկիրն է, եւ տարծաշրջանների զարգացման ավելի ակտիվ քաղաքականություն էր վարում»:





























