Արեւմուտքը Իրանի դեմ տնտեսական պատերազմ է մղում, որպեսզի փորձի Իրանին հրաժարվել միջուկային ծրագրի զարգացումից։ Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը պետական հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Նա Թեհրանի դեմ միջազգային հանրության պատժամիջոցներն անվանել է «մոլորակի մասշտաբով ընթացող թաքնված եւ ծանր պատերազմ»։ «Սա ճակատամարտ է։ Նրանց հաջողվել է մի փոքր նվազեցնել նավթի մեր արտահանման ծավալները, սակայն մենք պատրաստվում ենք դա կոմպենսացնել»,- «Росбалт»-ի փոխանցմամբ՝ ասել է Ահմադինեժադը։
Ինչպես տեղեկացնում է «Бизнес-ТАСС»-ը, ներկայումս Իրանի ազգային արժույթը դոլարի նկատմամբ արագ անկում է ապրում։ Նախորդ շաբաթվա համեմատ իրանական ռիալը դոլարի նկատմամբ արժեզրկվել է մեկ երրորդով։ Սա տնտեսական միջազգային պատժամիջոցների ուղղակի հետեւանքն է։
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից Եվրամիությունը էմբարգո է կիրառում իրանական նավթի նկատմամբ։ ԱՄՆ-ն էլ իր հերթին է ավելի ուժեղացրել պատժամիջոցները։
Օրերս Սպիտակ Տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարել է, որ ԱՄՆ-ն վստահ է, որ միջազգային տնտեսական պատժամիջոցները դրականորեն են անդրադառնում Իրանի միջուկային խնդրի լուծմանը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը ի դեմս տնտեսական պատժամիջոցների, ճիշտ ճանապարհ է ընտրել խնդիրը լուծելու համար։





























