Վեներա մոլորակի մթնոլորտում անսովոր սառը հատված է հայտնաբերվել։ Այն գտնվում է 125 կմ բարձրության վրա, իսկ ջերմաստիճանը կազմում է մոտ մինուս 175 աստիճան՝ ըստ Ցելսիուսի։ Հետազոտողներին հայտնագործությունը հետաքրքրել է հատկապես այն բանի պատճառով, որ նշված տարածքում ջերմաստիճանն ավելի ցածր է, քան՝ Երկրի մթնոլորտում երբեւէ գրանցված ջերմաստիճանի նվազագույնը։ Սա այն դեպքում, երբ Երկիր մոլորակն ավելի հեռու է Արեգակից, քան Վեներան։ Մասնագետները Journal of Geophysical Research գիտական ամսագրում լույս տեսած հոդվածում (ավելի հակիրճ նկարագրված է Եվրոպական տիեզերական գործակալության կայքում ) նշում են, որ հայտնաբերված սառը տարածքը գտնվում է երկու ավելի ջերմ տարածքների միջեւ։

Ինչպես տեղեկացնում է «Лента.Ру»-ն, հետազոտողները Վեներայի մթնոլորտից տվյալներ ստանալու համար օգտագործել են Venus Express արբանյակը, որը դիտարկումն իրականացրել է Վեներայի «տերմինատոր» հատվածում։ Գիտնականներն այսպես են անվանել Վեներայի լուսավոր եւ խավար հատվածների բաժանման գոտին։