Վրաստանի խորհրդարանական ընտրություններին հաղթանակ արձանագրած «Վրացական երազանք» կոալիցիայի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին կարծում է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմից հաջորդ տրամաբանական քայլը կլինի նրա հրաժարականը եւ երկրի նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս մասին Իվանիշվիլին հայտնել է հոկտեմբերի 2 –ին հրավիրած ասուլիսում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք նոր խորհրդարանը կօգտագործի Սահակաշվիլիի նկատմամբ իմփիչմենտի հնարավորությունը, Իվանիշվելին պատասխանել է, որ «լավ կլինի, եթե նա անձամբ դա անի»: «Դրանով նա կպահպանի իր դեմքը»,-հայտարարել է Իվանիշվելին:
Հարցին, թե ինչ կլինի, եթե երկրի նախագահը նրան առաջարկի վարչապետի պաշտոնը, Իվանաշվիլին ընդգծել է. «Սահակաշվիլին չի կարող ինձ ոչինչ առաջարկել, իսկ ես նրան կարող եմ ինչ-որ բան առաջարկել: Նա ունի միակ ճիշտ ճանապարհը`դիմում գրել եւ արտահերթ նախագահական ընտրություններ նշանակել»:
Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական կուրսին, Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը չի փոխի դեպի Եվրամիության եւ ՆԱՏՕ իր ձգտումները: «Վրաստանի ռազմավարությունը չի փոխվի, եւ այն կկանգնի այն ճանպարհին, որն ընտրել է վրացական ժողովուրդը: Սակայն միաժամանակ Ռուսաստանի հետ հարաբերությունները եւս կկարգավորվեն»,-նշել է Իվանիշվիլին:
Միաժաանակ Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պետք է հրաժարվի երկիրը խոշոր աշխարհաքաղաքական խաղացող դարձնելու Սահակաշվիլիի ձգտումներից. «Մենք մնում ենք տարածշրջանային խաղացող: Հավանաբար, նման փոքր երկրի համար, ինչպիսին Վրաստանն է, դժվար է մի քանի ռազմավարական գործընեկր ունենալ: Մեր ճիշտ քայլերով եւ ճիշտ քաղաքականությամբ մենք պետք է ընդունելի լինենք մեր հարեւանների եւ մեր ռազմավարական գործընկերոջ` ԱՄՆ-ի համար»,-եզրափակել է Իվանիշվիլին:





























