Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը դատապարտել է «Թագ Մեհիր» հուդայական ծայրահեղական շարժման կողմից քրիստոնեական վանքի նկատմամբ վանդալիստական գործողությունները։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն,ծայրահեղական շարժման ակտիվիստները քրիստոնյաների հավատքն անարգող հայհոյախառը գրություններ են գրել վանքի դռան վրա։
Ծայրահեղականներին զայրացրել է Իսրայելի կառավարության որոշումը, որով Հորդանանի արեւմտյան ափին բնակավայրերի թիվը սահմանափակվել է։ «Թագ Մեհիրի գործողությունները հակասում են հուդայական հավատի սկզբունքներին եւ էական հարված են հասցնում Իսրայելի վարկանիշին։ Սուրբ վայրերը անձեռնմխելի են»,- հայտարարել է Շիմոն Պերեսը, տեղեկացնում է «Росбалт»-ը։
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ իսրայելական ծայրահեղականները հարձակվել էին քրիստոնեական վանքի վրա։ Սեպտեմբերի 4-ին նրանք այրել էին Լաթրուն վանքի մուտքի դուռը, այն բանից հետո, երբ իշխանությունները որոշում էին ընդունել Հորդանանի արեւմտյան ափի բնակավայրերից մեկի բնակիչներին տեղահանել իրենց տներից։





























