Վրաստանի նախագահը պատրաստ է ընդդիմության հավանությունը ստացած գործչին առաջադրել վարչապետի թեկնածության: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հայտարարել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան: «Մենք փաստացի ընդունում ենք, որ կուսակցությունը, որն ակնհայտ մեծամասնություն է կազմում, նոր Սահմանադրությամբ, ունի կառավարություն կազմելու իրավունք: Եվ Վրաստանի նախագահը այս հարցը չի ձգձգի»,- հայտարարել է Բոկերիան:
Միեւնույն ժամանակ, նա կոչ է արել ընդդիմության ներկայացուցիչներին հեղափոխական, մասնավորապես՝ Միխաիլ Սահակաշվիլու ժամկետից շուտ հեռանալու մասին հայտարարություններից զերծ մնալ:
«Մենք հուսով ենք, որ նախագահական ընտրությունները, որոնք պետք է կայանան 2013թ-ին կանցնեն այնքան ժողովրդավարական, որքան այս խորհրդարանական ընտրությունները»,- ասել է նա:
Վրաստան ԱԱԽ քարտուղարը նշել է, որ Վրաստանում երկար տարիներից հետո առաջին անգամ քաղաքական նոր ուժը ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկավ: «Իհարկե ես, որպես քաղաքական գործիչ բավարարված չեմ ընտրությունների արդյունքում: Սակայն Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր ուժ եկավ իշխանության ընտրությունների միջոցով»,- ասել է Բոկերիան:
Նշենք, որ «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ Սահակաշվիլու հաջորդ տրամաբանական քայլն այն կլինի, որ նա հրաժարվի նախագահի պաշտոնից եւ արտահերթ նախագահական ընտրություններ նշանակի:
Նշենք, որ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք» դաշինքը քվեների 94,05% հաշվարկից հետո համամասնական ընտրակարգով հավաքել է ձայների 55,08%:
Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հավաքել է ձայների 40,14%:
Ներկայացված մյուս կուսակցությունները նախնական հաշվարկի արդյունքում չեն հավաքել անհրաժեշտ 5 տոկոս ձայների քանակը:
Մեծամասնական ընտրակարգով «Վրացական երազանք» դաշինքը հաղթել է 38 տարածքում, իսկ «ՄԱՇ»-ը 34:




























