Ռուսաստանը ժողովրդավարացման զարգացման պատմության մեջ բացառիկ պահում է, եւ հստակ բարեփոխումների պահանջ ունի: Այս մասին նշված է ԵԽԽՎ Ռուսաստանի մասին ամբողջական զեկույցում, որը վերջին յոթ տարում առաջինն է: Զեկույցը պատրաստել են ռումինանցի պատգամավոր Դյերդ Ֆրունդոն եւ շվեյցարացի խորհրդարանական Անդրեաս Գրոսը: «Փոփոխությունների պոտենցիալ էներգիա» նրանք անվանել են ընտրություններին հաջորդած ընդդիմադիր հանրահավաքները, քաղաքացիական հասարակության զարգացումն ու իշխանությունների երկխոսության ու բարեփոխումների պատրաստակամությունը:

Զեկույցի հեղինակները նշել են, որ սկսած 2011թ. դեկտեմբերից, ընդունված մի շարք օրենքներ, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների մասին օրենքը, կարելի է դրական անվանել: Միեւնույն ժամանակ ԵԽԽՎ-ն մտահոգություն է հայտնում, զրպարտությունը քրեականացնող օրենքի, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ու հանրահավաքների մասին օրենքների կապակցությամբ: Դա արտացոլում է Ռուսաստանի քաղաքական իրավիճակը եւ պետք է հարց առաջացնի երկրի իշխանության համար, կարծում են համազեկուցողները: Նրանք նշում են, որ պետք է զերծ մնալ ծայրահեղական տրամադրություններ ունեցող եւ ընդդիմադիր ՀԿ-ների նկատմամբ չարդարացված ճնշումներից:

Նշենք, որ Ռուսաստանը, ինչպես եւ Հայաստանը, այն տասը երկրներից է, որտեղ Եվրոպայի Խորհուրդը հատուկ առաքելությամբ է անցկացնում դիտարկումը: Ռուսաստանի համար ներկայացված զեկույցը 1996-ից՝ Ռուսաստանի Եվրոպայի Խորհրդին անդամակցելուց հետո, թվով երրորդն է: