Երեւանի քաղաքաշինության խորհուրդը դեռ նախորդ ամսվա վերջին պետք է քննարկեր Փակ շուկայի վերգետնյա հատվածի նախագիծը: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Այս ընթացքում դրա համար կոնկրետ օր էր նշվում, հետո այդ ժամկետը տեղափոխվում էր: Երեկ, երբ մեր թղթակիցը հերթական անգամ հետաքրքրվել է` քննարկվե՞ց մշակութային արժեք հանդիսացող այդ շենքի հետագա ճակատագրին առնչվող նախագիծը, Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն անսպասելի պատասխան է տվել` նախագիծ դեռեւս չկա:

Հիշեցնենք, որ Փակ շուկայի սեփականատերը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: Ի սկզբանե նրա նպատակը եղել է շենքը քանդել եւ նույնությամբ նորը կառուցել, ոչ թե՝ ամրացնել եղած վիճակով, ինչպես որ ճիշտ էին համարում շատ մասնագետներ: Այդպիսով, սկզբում շուկայի հիմքերը փորվեցին, ու շինարարություն սկսվեց` առանց ստորգետնյա հատվածի նախագիծ ունենալու, հիմա էլ` վերգետնյա հատվածի նախագիծն է «ընդհատակ անցել»: Շուկայի պատերն, ի դեպ, թվում է` թույլ քամուն անգամ այլեւս չեն դիմանա»,- գրում է «Հայկական ժամանակը»: