Ուկրաինացի ուսանողները կարող են ցեղասպանության քաղաքականության եւ պետական բռնությունների դեպքերն ուսումնասիրել հատուկ դասագրքի շնորհիվ: Կիեւի «Ե» գրախանութում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Անդրեյ Կոզիցկու  «Ցեղասպանությունը եւ ХХ դարում  քաղաքացիական բնակչության զանգվածային բնաջնջման քաղաքականությունը» գրքի շնորհանդեսը:

Analitika.at.ua-ն հայտնում է, որ Կոզիցկու գիրքը հավանության է արժանացել Ուկրաինայի  երիտասարդության, սպորտի, կրթության եւ գիտության նախարարության  կողմից: Հեղինակն այն ստեղծել է Իվան Ֆրանկոյի անվան Լվովի ազգային համալսարանում ութ տարի դասախոսություններ կարդալուց հետո (2002-2010):

Գիրքը պատմում է Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, Ուկրաինայում  1932-1933 թթ. սովի, եվրոպական հրեաների հոլոքոստի, Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական հանցագործությունների, սոցիալական փորձարկումների եւ 1975-1978թթ. Կամբոջայի ցեղասպանության մասին:

Գրքում առանձին ուսումնասիրվել են զանգվածային բնաջնջման այն դեպքերը, որոնք դեռեւս ցեղասպանություն չեն ճանաչվել: