Մալիի հյուսիսի Թիմբուքթու քաղաքում իսլամիստները հրապարակայնորեն մահապատժի են ենթարկել ձկնորսի մահվան մեջ մեղադրվող անձին։ Գնդակահարությանը հետեւել է 100 հոգանոց ամբոխը։

Ինչպես հաղորդում է BBC-ն, դատապարտյալը տուարեգ ժողովրդի ապստամբ խմբավորման անդամ էր (MNLA)։ MNLA-ն նախկինում իսլամիստների դաշնակիցն էր (նաեւ «Ալ Կաիդայի»), որոնք վերահսկողություն էին սահմանել Մալիի հյուսիսում, սակայն հետո դեմ էին դուրս եկել ապստամբ խմբավորմանը։

«Ռոսբալտը» հիշեցնում է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդն օրերս Մալիում մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող բանաձեւ էր ընդունել։ Խորհուրդը դատապարտել էր երեխաներին իբրեւ զինվորներ օգտագործելը, երեխաների եւ կանանց հանդեպ բռնությունը, մարդկանց առեւանգումը, սրբատեղիների ավերումը։

Հիշեցնենք, 2012թ. մարտի վերջին, երբ Մալին ապստամբների վերահսկողության տակ անցավ, երկրի մայրաքաղաք Բամակոյում հեղաշրջում տեղի ունեցավ։ Մալին փաստացի երկու մասի բաժանվեց։ Երկրի հյուսիսը գրավեցին իսլամիստները, որոնք մտադիր են այնտեղ սեփական անկախ պետությունը հիմնել։