Տերնոպոլում տաքսիստը ծաղրի է ենթարկել ուղեւորին, որի մոտ եղած գումարն անբավարար է եղել: Վարորդը ձերբակալվել է եւ դատարանում պատասխան կտա բռնությամբ ուղեկցված թալանի եւ ապօրինի ազատազրկման համար:

Gazeta.ua-ի տեղեկացմամբ, գիշերային ակումբի մոտից տաքսի նստած ուսանողի մոտ եղած գումարը բավարար չի եղել: Վարորդը հեռախոսով մի քանի գործընկերների է հրավիրել: Նրանք եկել, ծեծի են ենթարկել ուղեւորին, հետո փակել բեռնախցիկում: Այնուհետեւ տաքսիստը, գնալով գիշերային ակումբներից մեկի մոտ, ուսանողին ստիպել է հանել հագուստը եւ մերկ վիճակում վազել կայանած ավտոմեքենաների շուրջը: Ականատեսները տեղի ունեցածը նկարահանել են բջջային հեռախոսներով:

Վերջում տաքսիստն ուսանողի մոտից վերցրել է եղած 50 գրիվնան, փաստաթղթերը եւ iPhone-ը, ինչից հետո հեռացել է: Երիտասարդին գտել են ակումբից վերադարձող ծանոթները: Նրանք տուժածին այլ մեքենա են նստեցրել եւ ճանապարհածախս տվել:

Հաջորդ օրը ոստիկանության աշխատակիցները ճշտել են կասկածյալի ինքնությունը եւ ձերբակալել: Ուսանողը ճանաչել է նրան: