Աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության խորհրդակցությունը վերաբերում է հաշմանդամության կարգի տրամադրման բնագավառում տեղ գտած զարհուրելի փաստերին: Այդ մասին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունում այսօր` հոկտեմբերի 3-ին, կայացած խորհրդակցության ընթացքում նշել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` վարչապետի վերահսկողական ծառայությունը զարհուրելի փաստեր է վեր հանել, համաձայն որոնց` տարեկան 65 - 70 հազար մարդ ենթարկվում է բժշկասոցիալական փորձաքննության, որտեղ նրանցից գումար են պահանջում հաշմանդամության կարգը սահմանելու համար:
«Հաշմանդամների մեծամասնությունը նախապես գիտի, որ գումար են պահանջելու: Այժմ, երբ պետական մակարդակով կոռուպցիայի դեմ պայքար է մղվում, այն հայտնաբերվում է պետական ծառայությունների ոլորտում: Դուք փորձառու աշխատակիցներ եք, մի՞թե չգիտեիք ինչ է կատարվում, ինչո՞ւ էիք լռում այսքան տարի: Դա զայրացնում է ինձ: Պահանջում եմ անմիջապես զբաղեցրած պաշտոնից ազատել ծառայության ղեկավարին եւ այսօր իսկ կադրային փոփոխություններ կատարել», - ընդգծել է վարչապետը:
Նա նաեւ նշել է, որ այդ ոլորտում ամենուր կոռուպցիա է տիրում. իհարկե, կան որոշ բացառություններ, կան բարեխիղճ աշխատակիցներ, սակայն բացառությունները հաստատում են կանոնը:
Իր հերթին,Բժշկասոցիալական փորձաքննության ծառայության ղեկավար Միքայել Վանյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել է, որ «10 տարվա ընթացքում աշխատող կառույց է հիմնել»: Հարցին, թե ինչպես է վերաբերվում իրեն հեռացնելու մասին վարչապետի պահանջին, Վանյանը նշել է, որ չի մեկնաբանի, սակայն հավելել է, որ «բնականոն սերնդափոխություն է տեղի ունենում»:




























