Երեւանում «Դալմայի այգիների» սեփականատերերը բողոքում են նախագահական նստավայրի դիմաց: Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, 15 հողատերեր մի քանի ժամ կանցկացնեն նախագահական պալատի մոտ` ի նշան իրենց հողատարածքների օտարման դեմ բողոքի:
Երեւանի «Դալմայի այգիներ» անունով հայտնի հողամասերը խորհրդային ժամանակներում քաղաքի կառուցապատման ընթացքում պահպանվել էին իբրեւ գյուղատնտեսական տարածքներ, հիմնականում` անհատ այգետերերի ոչ մեծ հողակտորներ:
2003թ.-ից հողն սկսեցին օտարել նախկին սեփականատերերից` մասնավոր բնակելի շենքեր կառուցելու համար: Նախկին այգետերերը հիմնեցին «Դալմա-Սոնա» հիմնադրամը եւ արդեն քանի տարի պարբերաբար բողոքում են քաղաքապետարանի եւ կառավարության շենքի դիմաց` վիճարկելով հողի օտարման հարցը: Այգիների 790 հա տարածքից (զուտ այգիները կազմում են մոտ 533 հա) արդեն խլվել է զգալի մասը:
Մոտ ժամանակներս կառավարության որոշմամբ այգիները կընդհատվեն մայրուղով, որը Իսակովի պողոտան կմիավորի Լենինգրադյան փողոցին: Ինչպես հայտարարել է հիմնադրամի նախագահ Ռուզաննա Ղազարյանը, հայտնի չէ` արդյոք քաղաքային իշխանությունները փորձել են պայմանավորվածության գալ մայրուղու հատվածին համընկնող հողամասերի տերերի հետ. «Նրանք առայժմ չեն բողոքում: Միգուցե, անփորձությունից օգտվելով, իշխանությունները նրանց ինչ-որ բան են առաջարկել», – ասել է Ղազարյանը:





























