Սաֆարովին արտահանձնելու որոշումը ազդարարեց համաեվրոպական արժեքների ու արդարադատության կատարյալ ֆիասկոն։

Այդ մասին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, հանցագործ Սաֆարովը դարձավ ոչ միայն եվրոպական արդարադատության անաչառության ցուցիչը, այլեւ համամարդկային արժեքներ դավանող Եվրոպայի ամենամեծ խայտառակություներից մեկը: «Վերջին շրջանում մենք ականատեսն ենք այն բանի, թե ինչպես է Ադրբեջանն իր խավիարով ու նավթադոլարներով եվրոչինովնիկներ եւ եվրոպատգամավորներ գնում, որոնցից ոմանք նստած են այս դահլիճում, մեր կողքին, եւ բացարձակապես անհարմար չեն զգում «Ադրբեջանի խավիարակիր» տիտղոսից»,- նշել է Զոհրաբյանը` համոզմունք հայտնելով, որ եթե եվրոպական հեղինակավոր կառույցները բացի հայտարարություններ անելուց, հստակ քայլեր չձեռնարկեն Ադրբեջանի հանդեպ, լրջագույնս կվտանգվեն եվրոպական արդարատադությունն ու եվրոպական արժեքները։ «Կարծում եմ, այլեւս բոլորի համար պարզ ու հասկանալի պիտի լինի, որ երբեք ու երբեք Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել մի պետության կազմում, որտեղ ազգային հողի վրա կատարված սպանությունը համարվում է սեփական երկրին մատուցած ամենամեծ հերոսությունը»,-ասել է Ն.Զոհրաբյանը։

Ըստ նրա, գուցեեւ Ադրբեջանը կարող է գնել օլիմպիական ոսկե մեդալներ, կարող է աննախադեպ փրկագին սահմանել վախկոտ մի հրեշի համար, որն ունակ է միայն քնած մարդ կացնահարել, սակայն, մեկ բան աներկբա է՝ «սաֆարովներ ծնած ու սաֆարովներին հերոսացնող դեգրադացված հասարակություն ունեցող երկիրը պիտի արժանանա քաղաքակիրթ աշխարհի դատապարտմանը»։