Հայաստանում Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության եւ նրա 25 մասնաճյուղերի հետ գործ ունեցողները ստիպված են եղել վճարել հաշմանդամության կարգ ստանալու համար, հակառակ դեպքում, անգամ հաշմանդամության ակնհայտ նշանների դեպքում հրաժարվել են նրանց կարգ տրամադրելուց: Այդ մասին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունում  այսօր` հոկտեմբերի 3-ին կայացած խորհրդակցության ընթացքում նշել է Հայաստանի վարչապետի Վերահսկողական ծառայության պետ Սարգիս Գրիգորյանը:

Ըստ նրա` ստուգումների արդյունքում հայտնի է դարձել, որ 0-88 ձեւը տրամադրելու համար բուժհաստատություններում քաղաքացիներից պահանջվող 5000-ից մինչեւ 20 000 դրամներից բացի, Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության մասնաճյուղերում էլ ապօրինաբար 15 000-ից 35 000 դրամ են պահանջում: «Այն դեպքում, եթե հաշմանդամության ակնհայտ նշանները բացակայում են, դրական որոշում տրամադրելու համար պահանջում են 150 000-ից  200 000 դրամ: Հաշմանդամության երրորդ կարգ ստանալու համար քաղաքցիները այդ կարգի համար նախատեսված ամսական թոշակին հավասարազոր գումար են վճարել գործակալության աշխատակիցներին: Իսկ եթե մարդը հրաժարվում էր, նրան զրկում էին հաշմանդամության կարգից, չնայած որ հաշմանդամության նշաններն ակնհայտ էին»,- հայտնել է Գրիգորյանը`նշելով, որ խախտվել են նաեւ մի շարք իրավական ակտեր:

Ի պատասխան նման փաստերի, Հայաստանի սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է. «Բնականաբար, ես պատասխանատու եմ ոլորտում տեղի ունեցածի համար, եւ ինձ համար անընդունելի է կատարվածը»: Մենք ծառայողական հետաքննություն կանցկացնենք եւ արդյունքները կներկայացնենք իրավապահ մարմիններ»:

Հիշեցնենք, խորհրդակցության ընթացքում վարչապետը պահանջել էր զբաղեցրած պաշտոնից ազատել գործակալության ղեկավարին եւ այսօր իսկ կադրային փոփոխություններ կատարել: