Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու առիթով:
«Ուշադրությամբ ծանոթացա «գործի» հրապարակված նյութերին եւ չկարողացա գտնել գլխավոր հարցի պատասխանը` ինչ գործ ունեն ԱԱԾ-ն, դատախազությունն ու խորհրդարանը Ջոն Հանթսմանի, Վարդան Օսկանյանի եւ նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի բարիդրացիական հարաբերությունների հետ:
Սա խորհրդարանի ինքնավարկաբեկման ցցուն դեպք է` երկրի վարկին հասցված բացասական հետեւանքներով: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի կարիքն այսօր Հայաստանն ունի: Վարդան Օսկանյանը ամենահաջողակ նախարարներից էր եւ իշխանության փորձությանը դիմացած հայ քաղաքակական գործիչներից մեկն է: Արդյունավետ ու ազնիվ էր ինչպես նախկինում` իշխանության մեջ, այնպես էլ` հիմա: Բացառիկ արդարամիտ է, եւ սա հազվադեպ որակ է մեր քաղաքական իրողություններում: Այդպիսի որակների եւ վաստակի համադրություն ունեցող մարդկանց պետք է փայփայել, այլ ոչ թե հետապնդել, թեկուզ հանուն սեփական հեղինակության: Առավել եւս, որ նա շատ լուրջ ընտրազանգված ունեցող կուսակցություն է ներկայացնում:
Այս ամբողջ պատմության անհեթեթությունը հիասթափեցնող է:
Ցավում եմ կատարվածի համար եւ իմ համակրանքն ու աջակցությունը հայտնում Վարդան Օսկանյանին»:





























