Երբ 2005 թ. Սահմանադրությունում հայտնվեց 83.3 հոդվածը, ըստ որի՝ ՀՀ կենտրոնական բանկի հիմնական խնդիրը գների կայունություն ապահովելն է, ԿԲ-ն լկտիացավ, իսկ նախկին նախագահը կրակն ընկավ ու փոշմանեց դրա համար; Այս մեկնաբանության հեղինակը ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն է, որն այսօր՝ հոկտեմբերի 3-ին ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ-ում՝ դրամավարկային քաղաքականության 2011 թ. հաշվետվության քննարկումների ընթացքում:
Հ. Բագրատյանի խոսքով՝ աշխարհում ոչ մի տեսություն ներկայում չի պնդում, որ գների կայունությունը կարելի է ապահովել միայն մոնետար գործոններով, ինչը բխում է ՀՀ սահմանադրությունից: Ըստ Հ. Բագրատյանի՝ գները իրականում չեն կայունացել, քանի որ միջին գնաճը 7.7% է, իսկ ԿԲ-ն որպես հիմնական թիրախ ներկայացնում է 12ամսյա գնաճը, որը 4.7% է: Սակայն նույնիսկ այդ 7.7%-ը, ըստ Հ.Բագրատյանի, վստահելի չէ:
Նախկին վարչապետը նաեւ հայտարարեց, որ բանկային համակարգն ու օլիգարխիան ծանրացել են տնտեսության վրա, եւ որ առեւտրային բանկերը գերշահույթներ են ստանում բարձր տոկոսադրույքների, ներգրավված ու տրամադրած միջոցների բարձր սփրեդի միջոցով:
Հ. Բագրատյանի կարծիքով՝ ԿԲ-ն պետք է ղեկավարի ոչ միայն խորհրդի նախագահը, այլեւ գործադիր տնօրենը, որպեսզի որոշումներ ընդունող եւ իրականացնող օղակներն տարանջատվեն; Այլապես, ըստ նախկին վարչապետի, «ցանկացած գյուղատնտես ու անասնաբույժ կարող է ԿԲ նախագահ դառնալ»:
«ԿԲ-ն թարախապալարի նման խոչընդոտում է տնտեսության զարգացմանը»,- եզրակացրեց Հ. Բագրատյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























