Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների կասեցումը Հայաստանի իրավունքն էր: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
«Դա Հայաստանի իրավունքն էր, նրա անկախ որոշումը: Այնպես, ինչպես հարաբերությունները վերականգնելու հնարավոր որոշումը, եթե նման բան լինի», - ընդգծել է դեսպանը: Դիվանագետը հիշեցրել է, որ հարաբերությունները կասեցնելու որոշումը Գերմանիայի եւ Եվրոպայի կողմից դատապարտման չի արժանացել:
Դեսպանը կրկնել է, որ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման եւ ազատման դեպքը բացառիկ էր զգացմունքային տեսանկյունից: «Քայլն անհեթեթ էր: Հետեւանքներն Ադրբեջանում չափազանցված էին: Հասկանալի է, որ Հայաստանում դա նման արձագանք պետք է ստանար», - նշել է դիվանագետը:
2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:
Ս/թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























