Հայաստանը համաշխարհային մասշտաբով նշանակալի առաջընթաց է արձանագրել շարժական եւ ինտերնետային կապի ոլորտում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը; Նրա տեղեկացմամբ՝ Հեռահաղորդակցության համաշխարհային միության  վերջին հրապարակման մեջ Հայաստանի հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը դասակարգվում է առավել դինամիկ զարգացողների շարքում: Այսպես՝ 2011 թ. Հայաստանի բջջային կապի բաժանորդագրության ցուցիչը 100 բնակչի հաշվով 33 է, Ադրբեջանինը՝ 75, Վրաստանինը՝ 104: Սա նշանակում է, որ նկատելիորեն առաջ ենք հարեւաններից; Ինտերնետից օգտվողների Հայաստանի ցուցիչը 100 բնակչի հաշվով 68 է, Ադրբեջանինը՝ 73, Վրաստանինը՝ 85; Լայնաշերտ ինտերնետային ցանցի բաժանորդագրությունների մասով  Հայաստանն ունի 86, Ադրբեջանը՝ 68, Վրաստանը՝ 72 ցուցիչը: 

Այսպիսով, ըստ Ռ. Նազարյանի, մեր երկիրը բարելավել է իր դիրքերը ՏՀՏ ենթակառուցվածքային տարրերի բոլոր ցուցիչներով; Վերջին 5 տարում բջջային կապի բաժանորդների թիվը եռապատկվել է՝ 1.2 մլն-ից հասնելով 3.3 մլն-ի: Արդյունքում՝ մրցունակության համաշխարհային զեկույցում զբաղեցրել ենք 2011 թ. 33-րդ բավականին բարձր տեղը՝ բջջային կապից օգտվողների ցուցիչով: Ինտերնետից օգտվողների քանակը քառապատկվել է՝ հասնելով 37%: Ադրբեջանում այն 36% է, Վրաստանում՝ 27, ԱՊՀ-ում միջինը՝ 29%:

Մյուս կարեւոր զարգացումն այն է, որ կտրուկ նվազել են ինտերնետային ծառայությունների մանրածախ գները, իսկ մեծածախ գները 2008 թ. 1.2 մլն դրամից 1մբ/վրկ-ի համար իջել են մինչեւ ներկայում 13 հազ. դրամ:

ՏՀՏ ծառայությունների մատչելիությունը ցույց տվող գնային զամբյուղի ցուցիչը եւս բարելավվել է; Ըստ ՏՀՏ-ի գնային զամբյուղի ցուցիչի՝ Հայաստանը 102-րդ տեղում է 165 երկրների շարքում, Ադրբեջանը՝ 53-րդ, ինչը հիմնականում պայմանավորված է մեկ շնչի հաշվով ավելի բարձր ազգային եկամտով: Սակայն Ռ. Նազարյանը նշեց, որ 2012 թ. գները Հայաստանում շարունակել են նվազել; 

Հարցին, թե արդյո՞ք Հայաստանի բջջային կապի օպերատորները դեմպինգային գներ չեն կիրառում, Ռ. Նազարյանն ասաց,որ որեւէ նման ահազանգ չունեն, որեւէ ընկերությունից այլ ընկերության նկատմամբ բողոք չկա: Եթե բողոք լինի՝ ապա վարչական վարույթ կհարուցեն, լսումներ կկազմակերպեն, հնարավոր է՝ պատասխանատվության միջոցներ կիրառեն: