Հալեպում ահաբեկչական երեք պայթյունների արդյունքում, ճշտված տվյալներով, 31 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է պետական լրատվական «ՍԱՆԱ» գործակալությունը, Հալեպում ականապատ մեքենաների երեք պայթյուն է որոտացել, որոնք կառավարել են մահապարտ-ահաբեկիչները:
Պաշտոնական աղբյուրի տվյալներով` առաջին երկու պայթյունները տեղի են ունեցել «Ան Նադի Աս Սիյահի» հյուրանոցի մոտ` հանգեցնելով 31 մարդու մահվան, տասնյակ մարդիկ վիրավորվել են, շրջակա շինություններին նյութական զգալի վնաս է հասցվել: Պայթյուններին զուգահեռ, մթերային շուկան եւ հարակից հրապարակը ականանետների հրաձգության են ենթարկվել, ինչն էլ լրացուցիչ զոհերի եւ ավերածությունների է հանգեցրել:
Բացի այդ, հյուրանոցի շինության հյուսիսային հատվածում ոստիկանների կողմից կանխվել է սիրիական բանակի համազգեստով քողարկված երեք ահաբեկիչների ինքնապայթեցման փորձը:
Սիրիայի խորհրդարանը դատապարտել է Հալեպ քաղաքի ամենաբանուկ հրապարակներից մեկում կատարված ահաբեկչությունները, որոնց մասին լուրն ստացվել էր Ազգային խորհրդի նիստից առաջ: Խորհրդարանի նախագահ Մուհամեդ Ջիհադ Ալ Լյահամը հայտարարել է, որ նրանք, ովքեր իսլամի գաղափարների անվան տակ նման հանցագործություններ են կատարում, իրականում ոչ մի կապ չունեն ոչ մահմեդականության, ոչ էլ որեւէ այլ կրոնի հետ: Ալ Լյահամը դատապարտել է այն պետություններին, որոնք, աջակցելով ահաբեկիչներին, պատասխանատու են դառնում սիրիացի անմեղ քաղաքացիների մահվան համար, ցավակցել է զոհվածների հարազատներին եւ վիրավորներին ցանկացել շուտափույթ ապաքինում:
NEWS.am-ին չհաջողվեց տեղեկություն ստանալ տուժածների շարքում հայ համայնքի ներկայացուցիչների առկայության մասին:





























