Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Բորտնիկովը Մոսկվայում կայացած խորհրդակցության ընթացքում Եվրոպայում անտառային հրդեհներ կազմակերպելու մեջ մեղադրել է «Ալ Կաիդային»:

Ըստ նրա` հրկիզողների նպատակաուղղված գործողությունների մասին են վկայում «անտառային ջիհադի» մասին հրահանգները, որոնք տեղակայված են ծայրահեղական կայքերում եւ ֆորումներում: Այնտեղ կարելի է գտնել հրկիզման համար ամենաէֆեկտիվ վայրերը: ԱԴԾ-ի ղեկավարն ընդգծել է, որ այդ հրկիզողներին գտնելը գրեթե անհնար է, հաղորդում է  «dni.ru»-ն:

Բորտնիկովը նշել է, որ «Ալ Կաիդայի» բջիջը թուլացել է մի շարք առաջնորդների ոչնչացումից հետո, սակայն նրա ենթաբջիջները ուժ են հավաքում: Դրան նպաստում է աֆրիկական տարածաշրջանում գործող ահաբեկչական կազմակերպությունների հզորացումը: Բորտնիկովը նաեւ նշել է, որ  «հատուկ մտածելու տեղիք է տալիս «Ալ Կաիդայի» ներթափանցումը պետական մարմիններ եւ  հասարակական-քաղաքական շարժումներ»:

Ռուսաստանի ԱԴԾ-ի ղեկավարը նաեւ նշել է, որ միջազգային ահաբեկչական կազմակերպությունները  ներքին քաղաքական խնդիրները հմտորեն կիրառում են իրենց շահերի համար, ինչը վտանգ է ներկայացնում ինչպես  տարածաշրջանների, այնպես էլ համաշխարհային հանրության համար: