Այսօրվանից «Վրացական երազանք» կոալիցիան սկսում է նոր կառավարության կադրերի ընտրության  աշխատանքները: Այս մասին «Մաեստրո» հեռուստաընկերության եթերից հայտնել է կոալիցիայի մամուլի քարտուղար Մայա Փանջիկիձեն:

նրա խոսքով, կոալիցիայում նախկինում էլ է քննարկվել այս հարցը, թեեւ հանրային քննարկում չի եղել: «Կոալիցիայի առաջնահերթ խնդիրը կառավարության ձեւավորումն է»,- ընդգծել է մամուլի քարտուղարը, վստահեցնելով, որ այս գործընթացում ոչ մի տեսակ համագործակցություն չի լինի իշխանության հետ, փոխանցում է «IPN» գործակալությունը:

Իր հերթին, հեռացող խորհրդարանի ղեկավար  եւ պարտված «Միասնական ազգային շարժում» կուսակցության ցուցակի առաջին համար Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ Սահակաշվիլիի կողմնակիցները խնդիրներ են սպասում բոլոր ոլորտներում: Ընդ որում խնդիրներ կարող են ծագել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությունում:

Այդ ընթացքում Վրաստանի ԿԸՀ-ն արդեն մշակել է ընտրատեղամասերի  97,03 տոկոսի վերջանակ հաշվետվությունները: Վերջին տվյալների համաձայն` «Վրացական երազանքի» օգտին քվեարկել է ընտրողների ուղիղ 55 տոկոսը, իսկ Միխայիլ Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցության օգտին` 40,27 տոկոսը: Մնացած քաղաքական ուժերը խորհրդարան չեն անցել: