Թուրքական հայտնի HABERTURK պարբերականի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլը տեղի է տվել ստամբուլահայերի պահանջին եւ հայտնել, որ պատրաստ է հայերին հանձնել Վարագավանքը:

Թուրքական gazeteciler.com   կայքի փոխանցմամբ՝ Ֆաթիհ Ալթայլը հայտնել է, թե մինչ օրս որեւէ կառույց իրեն չի դիմել եկեղեցու վերանորոգման համար: «Ես երբեք առնչություն չեմ ունեցել անշարժ գույքի կամ վերանորոգման հետ: Ոստի՝ եթե նման նախաձեռնություն ունեք, ես ամեն կերպ կաջակցեմ ձեզ: Թող Հայոց պատրիարքարանը դիմի, անմիջապես կհանձնեմ: Թող դիմի Մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը: Եկեղեցին ձերն է: Պատրաստ եմ եկեղեցու տնօրինման իրավունքը մշտապես հանձնել Հայոց պատրիարքարանին»,-ասել է Ֆաթիհ Ալթայլըն:

Թուրքական մամուլում բացահայտումից հետո, թե Վանի հայտնի Վարագավանքի սեփականության վկայականը գտնվում է թուրքական HABERTURK պարբերականի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլի ձեռքում, մի խումբ ստամբուլահայեր արձագանքել են այս տեղեկությանը եւ կոչ արել եկեղեցին շտապ վերադարձնել Պոլսո հայոց պատրիարքարանին:

Նշենք, որ Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի Վանի նահանգային վարչությունը Վարագավանքի վերանորոգման համար դիմել էր Վանի անշարժ գույքի կադաստրի վարչությանը՝ գտնելու եւ ստանալու սեփականատիրոջ թույլտվությունը վանքի վերանորոգման համար: Կադաստրի տարածած հայտարարության մեջ նշվել էր, թե Վարագավանքի սեփականատերը Հուսամեթին Ալթայլն է, սակայն նրան գտնել չի հաջողվել:

Անատոլիայում ապրող ժողովուրդների մշակույթն ուսումնասիրող ճարտարապետ Օսման Քոքերը հայտնել է, թե Վանի կադաստրի պարզաբանումը չի համապատասխանում իրականությանը՝ շեշտելով, թե Վարագավանքի սեփականատերը Հուսամեթին Ալթայլի թոռն է՝ HABERTURK-ի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլը:

 կիսականգուն Վարագանքը լրջորեն վնասվել է նախորրդ տարի հոկտեմբերի 23-ին Վանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից եւ այժմ գտնվում է խիստ վթարային վիճակում:

Հիշեցնենք, որ Վարագավանքը կառուցվել է Ս.Հռիփսիմեի կողմից այդ վայրում թողնված Քրիստոսի խաչափայտի մասունքի տեղում՝ Վարագ լեռան լանջին:  Սկզբում կառուցվել է Ս.Նշան եկեղեցին, այնուհետ եկեղեցիների քանակը հասել է 7-ի: