Հայ-գերմանական հարաբերությունների զարգացման խոչընդոտներ չկան: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
Դիվանագետը հիշեցրել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2011թ. կազմել է 250 մլն եվրո, եւ Գերմանիան Հայաստանի առեւտրատնտեսական խոշորագույն գործընկերն է ԵՄ-ում: Ընդհանուր առմամբ, երկկողմ հարաբերությունները գնահատելով իբրեւ հիանալի, դեսպանն ընդգծեց, որ «կարելի է ավելին անել»:
Ըստ նրա` ընթացիկ ամիսը դարձել է ակտիվ համագործակցության օրինակ. Հայաստան է այցելել Բունդսթագի պատվիրակությունը փոխնախագահի ղեկավարությամբ, նախատեսվում է եւս մեկ պատվիրակության այցը: Բացի դրանից, Մայնցում տեղի կունենա Հայ տպագրության 500-ամյակին նվիրված ցուցադրություն, Ֆրանկֆուրտում կկայանա գործարար համաժողով, որը կազմակերպում է «Կոմերցբանկը»:
Նշենք, որ նոր դեսպանը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 1-ին: Երկրից ստացած տպավորությունների մասին հարցին պատասխանելով` դիվանագետը հայտարարել է. «Շատ դրական»: « Կարծում եմ, որ դա հիմնականում պայմանավորված է լավ եղանակով, որը Գերմանիային բնորոշ չէ: Ինձ նաեւ շատ են դուր եկել մարդիկ, փողոցները, բոլորը հագնվում են այնպես, ինչպես ուզում են: Լավ է, որ երիտասարդությունը շատ է», - նկատել է դեսպանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























