Այն ձեւով եւ ֆորմատով, որ Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունը Հայաստանում իրականացնում է «Հայրենակիցներ» ծրագիրը, ՀՀ կառավարության համար ընդունելի չեն: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Մինչ այդ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ ծրագիրը Հայաստանում իրականացվում է 2006 թ., որի շրջանակներում հազարավոր քաղաքացիներ մեկնում են Ռուսաստան: Հայաստանում այս ծրագրով Ռուսաստան մեկնելու դիմում են ներկայացրել 26 հազ. անձինք, 1500-ն արդեն մեկնել են: Նրանք պետք է հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից եւ ընդունեն ՌԴ քաղաքացիություն: ՀՀ քաղաքացիների դիմումներն ընդունվում են Գյումրիում՝ ամսական 2 անգամ:
Տ. Սարգսյանը պատասխանեց, որ այս հարցը մտահոգում է ՀՀ կառավարությանը, եւ բարձրացվել է ՌԴ-ի իշխանությունների մոտ, ընդհուպ՝ քննարկվել է միջկառավարական հանձնաժողովում: «Այն ձեւով եւ ֆորմատով, որ մյուս հանրապետություններում իրականացվում է «Հայրենակիցներ» ծրագիրը, մեզ համար ընդունելի չէ: Այդ դիրքորոշումը հայտնի է Ռուսատանի քաղաքական ղեկավարությանը, եւ լիահույս ենք, որ ՀՀ –ում այդ ֆորմատը չի գործի»,- ասաց Տ. Սարգսյանը: Նրա տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 12-ին Երեւանում տեղի կունենա հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, եւ քննարկվում է այս հարցը օրակարգ մտցնելու հարցը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























