ՆԱՏՕ-ն մինչեւ 2014 թվականի հուլիսի վերջը երկարացրել է գլխավոր քարտուղարի պաշտոնում Անդերս Ֆոգ Ռասմուսենի մանդատի ժամկետը: Այդ մասին ասված է այսօր դաշինքի տարածած հայտարարության մեջ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Դաշնակիցները գլխավոր քարտուղարին կաջակցեն իր աշխատանքում` ՆԱՏՕ-ի խնդիրների եւ առաքելությունների առաջխաղացման հարցում, որոնք հիմնված են անդամ երկրների փոխզիջումային որոշումների վրա», - ընդգծված է փաստաթղթում:

Այսպիսով, Ռասմուսենը կպահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողության ավարտը եւ երկրից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումը, ինչն ամբողջությամբ կավարտվի 2014 թվականի դեկտեմբերի 31-ին: Չի կարելի բացառել, որ ապագայում Ռասմուսենին սպասվում է մանդատի եւս մեկ երկարացում:

Ռասմուսենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է 2009 թվականի օգոստոսի 1-ից: