Իրաքը պահանջել է իր տարածքից դուրս բերել թուրքական զորքերը, որոնք տեղակայված են երկրի հյուսիսում` քրդերի դեմ պայքարելու համար: Այդ մասին հոկտեմբերի 3-ին հաղորդում է AFP-ն, գրում է Lenta.ru-ն:
Իրաքի կառավարությունը խորհրդարանին առաջարկել է զրոյացնել գործող բոլոր պայմանագրերը, որոնք արտասահմանյան զորքերին թույլ են տալիս երկրի տարածքում ռազմական գործողություններ իրականացնել, եւ նոր համաձայնագրեր չստորագրել:
Ինչպես հստակեցնում է գործակալությունը, որոշումն առաջին հերթին վերաբերում է Թուրքիային: «Որոշ պետություններ գրոհայինների դեմ պայքարի անվան տակ խախտում են մեր ինքնավարությունը», - Իրաքի կառավարության ներկայացուցիչ Ալի Դաբահի խոսքերն է մեջբերում Reuters-ը:
Միաժամանակ, թուրքական խորհրդարանը քննարկում է Իրաքում քրդական սեպարատիստների տարածքում զորքերի տեղակայումը թույլատրող պայմանագրի ժամկետը մեկ տարով երկարացնելու հարցը, գրում է Lenta.ru-ն:
1990-ական թվականներին երկրի տարածքում թուրքական զորքերի տեղակայման թույլտվությունը Իրաքի այն ժամանակվա նախագահ Սադամ Հուսեյնն էր տվել: Անկարան 1984թ.-ից զինված պայքար է մղում անկախություն պահանջող քուրդ գրոհայինների դեմ: Այսօրվա դրությամբ Թուրքիան Իրաքում հազար հոգուց բաղկացած զորք ունի:





























