«Մագա-դանս» պարի համույթի ղեկավար, 27-ամյա Մարգարիտա Գիժլարյանի վթարի ենթարկվելու հետեւանքով մահանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործով ամբաստանյալ ճանաչված Ռոման Հակոբյանը դատապարտվել է ազատազրկման` 2 տարի 6 ամիս ժամկետով` առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Գործը քննվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Դատարանը որոշել է նաեւ ամբաստանյալ Ռոման Հակոբյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 152.700 դրամ` որպես դատական ծախսեր։ Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Ամբաստանյալը պատմել է դեպքի մանրամասները, մասնավորապես նշել է, որ դեպքի օրը` հունիսի 12-ին, գտնվել է իր աշխատավայրում, երբ նրան զանգահարել է մտերիմներից մեկը եւ իր ու ընկերուհիների անունից հրավիրել «Փարվանա» ռեստորանային համալիր՝ մասնակցելու ծննդյան տոնի շարունակությանը։ Երիտասարդը չի մերժել հրավերը, գնացել են «Փարվանա» ռեստորան պարուհի Մագայի եւ նրա ընկերուհիների հետ, որտեղ նրանց է միացել նաեւ իր ընկերներից մեկը: Ռեստորանից դուրս գալուց հետո Ռոմանը նստել է դեռեւս նախորդ օրվանից իր մոտ գտնվող մորաքրոջ տղայի «BMW» մակնիշի մեքենան: Ռոման Հակոբյանի խոստովանել է, որ վթարի բուն պատճառը եղել է այն, որ ավտոմեքենան վարել է շատ արագ եւ ալկոհոլ գործածած վիճակում, որն օգտագործել է «Փարվանա» ռեստորանում։ Նա առանց վարորդական իրավունքի վկայականի ավտոմեքենա վարում է շուրջ մեկ տարի։
Նշենք, որ Ռոման Հակոբյանը ապարանցի է,սակայն բնակվել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում: Նա 29 տարեկան է, բարձրագույն կրթությամբ, նախկինում չդատված, աշխատում է անշարժ գույքի գործակալությունում`«Դաբլ Ռիելթի» ՍՊԸ-ում` որպես տնօրեն:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ Ռ. Հակոբյանը, հունիսի 13-ի գիշերը, վարելով «BMW» մակնիշի ավտոմեքենան Խանջյան փողոցում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը, ինչի հետեւանքով մեկ մարդ՝ պարուսույց, «Մագա-դանս» պարի համույթի ղեկավար 27-ամյա Մարգարիտա Գիժլարյանը (Մագա) մահացել է, ի 3-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Այնուհետեւ Ռոման Հակոբյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր: Մագայի ընկերների փոխանցմամբ, նա եղել է «Gold star» խմբի պարուհիներից մեկը, այնտեղից դուրս գալուց հետո բացել է իր անհատական խումբը: Նրա ղեկավարած խումբը եւ անձամբ Մագան հիմնականում պարում էին լատինամերիկյան, ժամանակակից պարեր, ելույթներ ունենում տարբեր ակումբներում, երգիչ, երգչուհիների համերգներին, օրինակ` երգչուհի Նանայի, երգիչ Արտաշ Ասատրյանի մենահամերգին, եւ տեսահոլովակներում, օրինակ` Արման Հովհաննիսյանի «Կորել եմ, կորել եմ», Նարեկ Բավեյանի, Արծրուն Ասատրյանի, Նանայի տեսահոլովակներում: Հեռուստադիտողներին Մագան ծանոթ է նաեւ «Հ2» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Մեր շոու» հաղորդումից:





























