«Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին չի բացառում անհրաժեշտության դեպքում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ հանդիպելու հնարավորությունը: Այդ մասին Իվանիշվիլին հայտնել է առեւտրային կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ավարտից հետո, հայտնում է վրացական «IPN» գործակալությունը:
Նրա խոսքով` նախարարների թեկնածուների վերաբերյալ ինքը ոչինչ չի ասել, եւ իր դաշինքի անդամներից ոչ ոք ոչինչ չգիտի թեկնածուների մասին: Մամուլում տեղ գտած լուրերը ճիշտ չեն: Ինչ վերաբերում է «Վրացական երազանքի» աշխատանքային խմբին, որը խորհրդակցություններ կանցկացնի նախագահի եւ գործող կառավարության հետ, ապա, ինչպես ասում է Իվանիշվիլին, նա իր ներկայության անհրաժեշտություն չի տեսնում:
Միաժամանակ, հրաժարական է տալիս Սահակաշվիլիի դրածո նահանգապետերից մեկը: Մցխեթի-Մթիանեթիի նահանգապետի պաշտոնից հեռանում է Ցեզար Չոչելին:
Նրա խոսքով, պաշտոնից հեռանալու հայտարարությունը կարվի արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո:





























