Համատեղ աշխատանքի փորձը թույլ է տալիս Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին արտահայտել սեփական կարծիքը նախկին արտգործնախարարի անհատական որակների մասին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը՝ մեկնաբանելով Վարդան Օսկանյանի գործի կապակցությամբ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը։

Մարգարովի կարծիքով՝ Օսկանյանի վերաբերյալ դատախազության եւ Քոչարյանի պատկերացումների միջեւ տարբերություններ կան։ «Դա նորմալ է։ Մարդու մասին կարծիքները կարող են տարբեր լինել, օրինակ՝ վատը, ավելի վատ, կամ հակառակը։ Օսկանյանի հետ բավականին երկար աշխատելով, եւ աշխատելով պետական քաղաքականության բավականին լուրջ ուղղության վրա, Քոչարյանը կարծում է, որ բարոյական իրավունք ունի կամ պարտականություն ունի Օսկանյանի պաշտպանությամբ հանդես գալու»,- ասաց քաղաքագետը։

Հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ չի տեսնում նախկին նախագահի հայտարարության մեջ, Մարգարովը պատասխանեց, որ Օսկանյանը ներկայացնում է նշանակալի էլեկտորատով կուսակցություն։ «Չի կարելի մոռանալ, որ հարցն այն է, թե որքանով Օսկանյանի՝ ԲՀԿ անդամակցությունն ավելացրեց կուսակցության վարկանիշն ու ընտրողների թիվը»,- նշեց փորձագետը։

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն էր տարածել։