Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական խմբերից մեկում` լիբերալ-դեմոկրատների դաշինքում, այսօր` հոկտեմբերի 3-ին, գերմանացի պատգամավոր Մարի Լուիս Բեթը բարձրացրել է միջազգային կառույցներում եւ հատկապես Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի կողմից պատգամավորներին կաշառելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` կարեւորելով, որ այդ հարցը բարձրացրեցին ոչ թե հայկական պատվիրակության անդամները, այլեւ Եվրոպացի պատգամավորները:
Գերմանացի պատգամավորը այդ մասին խոսել է իր երկրի օրինակով` նշելով, որ արդեն բազմաթիվ են գերմանացի պատգամավորները, որոնց բոլոր ծախսերը, այդ թվում` անձնական, ինքնաթիռի տոմսերի հարցերը, լուծում է Ադրբեջանը` ուղղակիորեն կաշառելով պատգամավորներին, եւ այդ պատգամավորները արդեն իսկ սկսում են ճնշում գործադրել տարբեր այլ պատգամավորների վրա` ազդելով Ադրբեջանի լոբբիստական գործունեության վրա: Գերմանացի պատգամավորը կոչ է արել լրջորեն զբաղվել այդ խնդրով, այլապես հետո արդեն ուշ կլինի: Գերմանացի պատգամավորից հետո ելույթ է ունեցել Նաիրա Զոհրաբյանը` նշելով, որ եթե սա բարձրացներ հայկական պատվիրակության անդամը, մեզ կմեղադրեին կողմնակալության մեջ: «Բայց ես շատ ուրախ եմ, որ արդեն Եվրոպայի խորհրդում հասունացել է այդ խնդիրը եւ մենք կանգնած ենք լրջագույն որոշում կայացնելու առաջ: Մենք պիտի ունենանք այնքան քաջություն եւ համարձակություն, որպեսզի բաց եւ հրապարակային խոսենք Ադրբեջանի կողմից տարվող խավիարային դիվանագիտության, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից եվրոպացի պատգամավորներին եւ չինովնիկներին գնելու խայտառակ գործելաոճի վերաբերյալ: Այլապես հետո արդեն ուշ կլինի, հետո արդեն մենք ստիպված ենք լինելու լրջագույն կորուստներ ունենալ մեր կառույցների արժեհամակարգում»,- հայտարարել է հայասատնայան պատվիրակության անդամը:
Նրա խոսքով` դրա վկայությունն է իրավական եւ կանոնադրական հարցերի հանձնաժողովում ավարտված մի քննարկում, որը վերաբերում էր Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների հարցերին:
«Պիտի տեսնեիք, թե բացահայտ ինչ պատերազմ էր գնում այդ հանձնաժողովում, թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել մոբիլիզացնել եվրոպացի պատգամավորներին, որոնք ամեն մի բառի համար պատերազմ էին տալիս, որը ոչ շահեկան էր Ադրբեջանի համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանը հույս ունի, որ լիագումար նիստում կքննարկվի Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների խնդիրը եւ ԵԽԽՎ անդամ երկրների բազմաթիվ պատգամավորներ, որոնք ուղղակիորեն տեսել են, թե այնտեղ ինչ խայտառակ վիճակ է դեմոկրատիայի առումով, թույլ չեն տա ադրբեջանցի լոբիստներին չանցկացնել այդ նախագիծը. «Մենք հույս ունենք, որ նախագիծը կընդունվի այն տեսքով, ինչ տեսքով որ ներկայացրել է նախագծի հեղինակը Շտրասսերը: Բացարձակ ճնշումներ կան թե նախագծի հեղինակի վրա, թե տարբեր պատգամավորների վրա, որոնք փորձում են ելույթ ունենալ եւ ասել, որ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալներ կան»,- ասաց նա` տեղեկացնելով, որ մի քանի ժամից պարզ կլինի այդ զեկույցի ճակատագիրը:
Դրանից հետո կընդունվի երկրորդ զեկույցը, որը վերաբերում է Եվրոպայի քաղաքական օրակարգերում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խնդիրներին, եւ այդ զեկույցների համատեքստում նա խոսելու է Հունգարիայի եւ Ադրբեջանի քաղաքական օրակարգերի ոչ ժողովրդավար լինելու մասին` այդ հարցը կապելով Սաֆարովի արտահանձման հետ:





























